Այսօր ԱԽ գրասենյակում աշխատանքային հանդիպում ունեցա Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ողջունելով դեսպան Սվիտալսկիին` նշեցի, որ հիմնվելով ՀՀ – ԵՄ փոխգործակցության հարուստ փորձի և գործընկերային հարաբերությունների վրա, մենք պատրաստ ենք շարունակաբար ամրապնդել համագործակցությունը Եվրոպական Միության հետ՝ ինչպես քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության կայացման, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարի, փորձի փոխանակման և կիբեռանվտանգության ոլորտներում: Դեսպան Սվիտալսկին իր հերթին ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին սպասվող բարեփոխումների շրջանակներում, ընդլայնել համագործակցությունն ու երկխոսության նոր հարթակներ ստեղծել: Դեսպան Սվիտալսկին նաև մտահոգություն հայտնեց սահմանային լարվածության առնչությամբ. համակարծիք էինք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Միաժամանակ դեսպանը նշեց, որ կիսում է իմ մտահոգությունը՝ Ադրբեջանի իշխանությունների պատերազմական հռետորաբանության ու ատելության խոսքի խրախուսման հետ կապված: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- գրել է ԱԽ քարտուղարը: