30.11.2024
Դասադուլն ու հացադուլը դադարեցվեց. ի՞նչ են քննարկել ԱԺ ղեկավարությունն ու ուսանողները
15.11.2017
Դասադուլն ու հացադուլը դադարեցվեց. ի՞նչ են քննարկել ԱԺ ղեկավարությունն ու ուսանողները

Տարկետումը սահմանափակող օրենքի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողները կդադարեցնեն դասադուլն ու հացադուլը: Այս մասին լրագրողներին հայտնեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ փակ հանդիպումից հետո: Նա նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել նոյեմբերի 22-ին կլոր սեղան կազմակերպել գիտության, կրթության ոլորտների, կառավարության եւ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ, քննարկել հարցը և փորձել լուծումներ առաջարկել: Իսկ եթե այդ քննարկման ժամանակ բողոքող երիտասարդները կարողանան ապացուցել իրենց պահանջի օբյեկտիվությունը, ապա հնարավոր է՝ որոշ զիջումներ լինեն, որոնք կկարգավորվեն արդեն ընդունված օրենքից բխող նորմերով: «Հացադուլը ինքնանպատակ չէր, այն պետք է դադարեցնել, քանի որ այն ծառայեց իր նպատակին»,- ասել է Պետրոսյանը: Նշենք, որ քիչ առաջ Ազգային Ժողովում կայացել է փակ հանդիպում ԱԺ ղեկավարության և հինգ ուսանողների միջև: Այսօր առավոտյան ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը: Դրան զուգահեռ ԱԺ շենքի դիմաց ընթանում էր բողոքի ակցիան, որին ավելի ուշ միացան նաև երեկվանից ԵՊՀ-ում հացադուլ հայտարարած ուսանողները: Ոստիկանների և երիտասարդների միջև նաև որոշակի քաշքշուկ տեղի ունեցավ և այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ մասնակիցներից մեկին ոստիկանությունը բերման է ենթարկել: Սակայն ոստիկանությունից պարզաբանել են, որ Ռոբերտ Գրիգորյանը Քննչական կոմիտեի կողմից քննվող քրեական գործի շրջանակներում է բերման ենթարկվել: