25.11.2024
Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ
prev Նախորդ նորություն

Հրայր Թովմասյանը արձակուրդում է. նա չի մասնակցի իր համար բախտորոշ նիստին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի մասնակցում իր լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։


Նա պարզաբանեց՝ Թովմասյանն այսօրվանից մեկնել է արձակուրդ:


«Կարծում եմ, որպեսզի ապահովի գործի քննության անաչառությունը»,- կարծիք հայտնեց նա:  


Ի դեպ, այսօրվա նիստին չի մասնակցի նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը պաշտոնը ստանձնելուց ի վեր որևէ նիստի չի մասնակցել և առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ  Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով:


Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը:


Հիշեցնենք, որ Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այսօր վերջնաժամկետն է, երբ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ընդունի դիմումը վարույթ, կա՛մ այն մերժի։


Խորհրդարանի ընդունած որոշման հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են: