Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը հայտնել է, որ կենտրոնն ամենօրյա կապի մեջ է խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները: Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ընդհանուր առմամբ` 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է ականազերծվել: