24.11.2024
Սոցցանցերում տարածվում են ՀՀ-ին մատակարարվող ՍՈՒ-30ՍՄ կործանիչների առաջին լուսանկարները
prev Նախորդ նորություն

Դա նույնն է, որ ասեն, թե Մարիամի համար զրահաբաճկոններ, զենք են ձեռք բերել. վարչապետ

Տեղեկությունները, թե իմ ընտանիքի համար Պետական պահպանության ծառայությունը 2019 թվականի արտադրության ավտոմեքենա է գնել, պարզապես անհեթեթություն է: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ամենաքննարկվող թեմային՝ իր դստեր համար թանկարժեք ավտոմեքենա գնելուն:


Նա նշեց, որ ՀՀ վարչապետը և նրա ընտանիքի անդամները «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական պահպանության ենթակա անձինք են և օրենքը հստակ ասում է, որ վարչապետը չի կարող հրաժարվել պետական պահպանությունից, չեն կարող դրանից հրաժարվել նաև ընտանիքի անդամները:


«Այնտեղ մեկ դրույթ կա, ըստ որի՝ ընտանիքի անդամները կարող են ժամանակավորապես հրաժարվել, սակայն, ընդհանուր առմամբ, ո’չ վարչապետը, ո’չ ընտանիքը չեն կարող հրաժարվել: Իսկ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են տրանսպորտային միջոցների կիրառմամբ: Եվ դա ոչ թե որևէ մեկի քմահաճույք է, այլ օրենքի պահանջ: Ծառայության աշխատողները, ովքեր կցված են պետական պահպանության ենթակա անձին, իրենք պետք է շարժվելու տրանսպորտ ունենան»,-ասաց  Փաշինյանը:


Նրա խոսքով, այն, որ իր ընտանիքի անդամները այդ տրանսպորտային միջոցով են տեղաշարժվում ամենևին չի նշանակում, թե այդ մեքենան իր ընտանիքի անդամի համար է գնված: Դա, շեշտեց նա, պետական պահպանության ծառայության աշխատողների համար էգնված, որոնք ապահովում են վարչապետի ընտանիքի անդամի, վարչապետի անվտանգությունը: «Նույն տրամաբանությամբ այն ավտոմեքենան, որով ես եմ շրջում, իմը չէ: Այն պետական պահպանության ծառայությանն է»,- ասաց վարչապետը:


Անդրադառնալով ավտոմեքենայի մասին հրապարակված տեղեկություններին նա ասաց, որ Պետական պահպանության ծառայությունը 2019 թվականի արտադրության ավտոմեքենա ձեռք չի բերել, ավտոմեքենաներ ձեռք են բերվել 2018 թվականին: Իսկ այդ մեքենաները ձեռք են բերվել, քանի որ ավելացել է պարտադիր պետական պահպանության ենթակա անձանց թիվը:


«Ասել, թե Մարիամ Փաշինյանի համար ավտոմեքենա է ձեռք բերվել նույնն է, ինչ ասել, թե նրա համար զրահաբաճկոններ, զենք են ձեռք բերել»,- հավելեց վարչապետը: