1.11.2024
Արցախում շատերը կորցրել են աշխատանքը, փորձում ենք աջակցել. Ռուբեն Վարդանյան
01.02.2023
Արցախում շատերը կորցրել են աշխատանքը, փորձում ենք աջակցել. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները:«Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,-ասել է պետնախարարը:Միջոցառումների մշակման աշխատանքային խմբի ղեկավար, պետնախարարի խորհրդական Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն:Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետևանքով առավելապես տուժած ոլորտներին և նախատեսում են աջակցության տրամադրում տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրերի նպատակն է առաջին հերթին պահպանել աշխատատեղերը, տնտեսավարողներին աջակցել աշխատավարձերի կամ պարապուրդների վճարման ապահովման հարցում, իսկ անհատ ձեռնարկատերերին ամսական աջակցություն տրամադրել:Սոցիալական ծրագրերից առաջինը վերաբերում է դեկտեմբերի 12-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց։ Եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողներն ստիպված են եղել գնալ ազատումների և կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի (եթե աշխատավարձը եղել է այդ չափից պակաս, ապա՝ այդ գումարը)։ Մյուս ծրագիրը վերաբերում է նույն ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով նրանց տրամադրվելու է որոշակի գումարի չափով աջակցություն։Տնտեսական ծրագրերի իրականացման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, սոցիալական ծրագրերինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։ Առաջիկայում կհրապարակվեն ծրագրերի մանրամասները:Պետնախարարը ընդգծել է միջոցառումների թափանցիկ և հասցեական իրականացման կարևորությունը: Նա հանձնարարել է հաշվարկել նաև շրջափակման հետևանքով տնտեսության կրած ընդհանուր վնասի չափը:Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր: