Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Իրանի Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք գլոբալ և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է համընդհանուր խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը: Հայկական կողմը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Իրան միջև հազարամյակների պատմություն ունեցող կապերը և երկու հարևան ժողովուրդների կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության շուրջ առկա փոխըմբռնումն ու միասնական մոտեցումը: Զրուցակիցները շեշտել են նաև իրանահայ համայնքի առանձնահատուկ դերակատարությունը, որն իր նպաստն է բերում Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական փոխգործակցությանը, գործող և նախատեսված ծրագրերի իրականացմանն ու հետագա շարունակականության ապահովմանը: Անդրադարձ է կատարվել էներգետիկ, տրանսպորտային, տուրիստական, մշակութային և այլ ոլորտներում փոխգործակցությանը: Հանդիպման ավարտին կարևորվել են նաև երկու հարևան երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակական շփումներն ու մտքերի պարբերական փոխանակումը: