Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել է «EUROPEUM» եվրոպական քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Ժիգա Վակտորի եւ նույն ինստիտուտի ծրագրերի համակարգող, վերլուծաբան Օսկար Ռոջիներ-Հոֆմայստերի հետ: Մերի Գալստյանը, գնահատելով չեխական անվանի վերլուծական կենտրոնի գործունեությունը, համոզմունք է հայտնել, որ արդյունավետ համագործակցության իրատեսական նախադրյալներ կան: Ժիգա Վակտորը տեղեկացրել է, որ Հայաստանում են` տեղում ծանոթանալու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացին: Ներկայացնելով մանրամասներ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման վերաբերյալ` հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը` առաջ մղելու քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Մերի Գալստյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է քաղհասարակության դերակատարումը մեր երկրում: Մի շարք ոլորտներում տեխնիկական, փորձագիտական կարողությունների զարգացման վերաբերյալ գաղափարներ են հնչել: Եվրոպական քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչների խոսքով Հայաստանի կառավարության հետ նախատեսվում է փորձի փոխանակման որոշ ծրագրեր իրականացնել: