20.05.2025
ՆԳ նախարարը կարգադրել է բարձրացնել կարգապահությունը` բացառելով բռնության որևէ դրսևորում
19.01.2024
ՆԳ նախարարը կարգադրել է բարձրացնել կարգապահությունը` բացառելով բռնության որևէ դրսևորում

Հունվարի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։ Վահե Ղազարյանն անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության գործունեությանը: Նա հանձնարարել է ակտիվացնել բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Նախարարը առանձնահատուկ կարևորել է հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև կանխարգելիչ հետևողական միջոցառումները: Վահե Ղազարյանն ընդգծել է հատկապես ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կարգապահության բարձրացման կարևորությունը՝ առանձնահատուկ շեշտելով բռնության ցանկացած դրսևորման բացառումը։ Նա անդրադարձել է նաև ատեստավորման գործընթացին, խոսել փուլերի հաղթահարման արդյունքում ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հնարավորությունների մասին։ Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման միտումին՝ Վահե Ղազարյանը խոսել է պարեկային ուժեղացված ծառայությունների կազմակերպման ու անցկացման խնդիրների մասին, նշել առկա թերություններն ու բացթողումները և դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ: ՆԳ նախարարը խոսել է նաև նոր ձևավորվող Քրեական ոստիկանություն ընդունելության և սահմանված չափորոշիչների մասին։ Խորհրդակցության ավարտին Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն անդրադարձել է առկա թերացումներին և տվել առարկայական ցուցումներ՝ պահանջելով դրանք իրականացնել ողջ ծավալով: