Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար դոկտոր Ալի Աբդուլկարեմ Ութավիին։Հանդիպմանը ներկա էին նաև Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը և թեմի կենտրոնական վարչության ատենապետ տիար Կարապետ Գալուստյանը։Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները բերեց ժամանակավոր հավատարմատարին և մաղթեց արդյունավոր ծառայություն իր առաքելության մեջ` կարևորելով երկու պետությունների միջև հաստատված փոխգործակցությունը և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները։Խոսելով Իրաքի հայ համայնքի մասին` Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Իրաքի իշխանություններին համայնքի և թեմի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային հանրության միջնորդական և հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել։Իր հերթին դոկտոր Ալի Աբդուլկարեմ Ութավին Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ ամեն ջանք ի գործ կդնի ամրապնդելու և զորացնելու երկու երկրների համագործակցությունը։ Ժամանակավոր հավատարմատարն անդրադարձ կատարեց նաև Իրաքում իշխանությունների կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությանը և նրանց իրավունքների պաշտպանությանը։