ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը մոտ ժամանակներս կներկայացնի Հայաստանի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Այս մասին Կարապետյանը հայտարարել է ՀՀԿ խորհրդի նիստում: Նրա խոսքով, առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը: Կարեն Կարապետյանը նշել է, թե շնորհակալ կլինի բոլոր գործընկերներին, ովքեր կներկայացնեն իրենց առաջարկությունները և տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հրավիրել գործընկերներին՝ տնտեսագետներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, խոշոր բիզնեսի ղեկավարներին ու բոլոր նրանց, ում թեման հետաքրքիր է՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու այդ ամենը: Իր խոսքի ավարտին նա հայտարարել է, որ ամեն ինչ կանի արդարացնելու վստահությունը և խոստացել ազնիվ, լիարժեք աշխատանք: