25.11.2024
Դավիթաշենի տանը, որտեղ պայթյուն էր  որոտացել, մարտական վիճակում 4 արկ են գտել
prev Նախորդ նորություն

«Կրթությունը սոցիալական վերելակ է, որը ՀՀ-ում անապահովների համար փչացել է»

Թեպետ կրթությունը սոցիալական վերելակ է համարվում, որի միջոցով կարելի է բարձրանալ և հասնել հաջողությունների, սակայն, ինչպես պնդում են փորձագետները՝ Հայաստանում այն «փչացել է» և չի գործում հենց սոցիալապես անապահովների համար: Կրթական համակարգում, մասնավորապես հանրակրթության ոլորտում տեղի են ունենում բևեռաման գործընթացներ, որի արդյունքում հարուստները ստանում են որակյալ կրթություն, իսկ սոցիալապես անապահով խավը մնում է պետության հույսին, որն էլ իր հերթին կրճատում է կրթությանը հատկացվող գումարները:

Կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ-ի նկատմամբ կրթության ոլորտին բյուջեից հատկացվող մասնաբաժինը նվազելու է: Եթե այս տարի այն կազմում է 2.34 տոկոս, 2018-ին կլինի 2.18 տոկոս, 2019-ին` 1.99 տոկոս, իսկ 2020 թվականին` 1.85 տոկոս:


Վերջերս Հայաստանում անցկացված միասնական քննությունների արդյունքներն ամրապնդեցին քննարկումներն առ այն, որ հանրակրթության ոլորտում լուրջ խնդիրներ կան: Այս տարվա Ֆիզիկայի միասնական քննությանն անբավարար գնահատական էին ստացել դիմորդների 48 տոկոս, 20 միավոր՝ ընդամենը 3 դիմորդ, նախորդ տարի անբավարարների քանակը 21տոկոս էր, իսկ 2015-ին եղել է աննախադեպ՝ 64 տոկոս, մյուս առարկաների մասով ևս գնահատականների անկում է արձանագրվում վերջին հինգ տարիների ընթացքում:

Վերջին 15 տարիների ընթացքում հանրակրթության ոլորտում բարեփոխումների հսկայական ծրագրեր է իրականացվել, ծախսվել է ավելի քան 100 մլն դոլար, սակայն ցուցանիշները գնալով վատթարանում են:

Թեպետ հանրակրթությունը Հայաստանի կառավարության հռչակած գերակա ոլորտն է, սակայն որակյալ կրթություն ստանալու իրավունքը, մեղմ ասած, մնում է խնդրահարույց: Կրթական ողջ համակարգի քաղաքականացվածությունը, կոռուպցիան, որակյալ մասնագետների պակասն ու մարզային դպրոցների կիսաքանդ շենքերը և համաչափ զարգացման խնդիրները դառնում են ոչ միայն պետության զարգացման լուրջ խոչընդոտ, այլ նաև խորացնում են սոցիալական բևեռացման ճգնաժամը:

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հավաստիացնում է, որ նոր ծրագրեր է իրականացնում այս խնդիրների լուծման համար, մասնավորապես, կրթության գերազանցության ազգային ծրագիրը, արդյոք այս նոր փոփոխությունն իրապես արդյունավետ է լինելու, թե հերթական բարեփոխումը հանգեցնելու է առավել լուրջ խնդիրների, այս և այլ հիմնահարցերի շուրջ «Հոդված 3» ակումբում «Հանրակրթությունը համաչափ զարգացման, օպտիմալացման և քաղաքականացվածության խնդիրների ծիրում» թեմայով հանրային բաց քննարկմանը խոսեցին ՀՀ Կրթության գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը և 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը:

Դավիթ Ամիրյանը հիշեցրեց, որ դեռևս 2011-2015 թթ. Կրթության զարգացման ազգային ծրագրով էր ամրագրվել, որ կրթությանը հատկացվող գումարները պետք է աճեն մինչև ՀՆԱ-ի 4 տոկոսը, մինչդեռ ընդհակառակը՝ նախատեսված է նվազում:

«Այսինքն տեղի է ունեցել օրենքի ակնհայտ խախտում, որի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, այո, ընդունում եմ, աղքատ պետություն ենք, բայց համակարգային այս խնդիրը դիտարկենք, ի՞նչն է կարևոր, որ մենք կարողանանք ապահովել բոլոր երեխաների որակյալ կրթությունը և ասում են, դրա համար փող չկա, թե՞՝ մեծացնել ոստիկանության քանակը մեր երկրում և ոստիկանության բյուջեն տարեցտարի աճում է»,- ասում է Ամիրյանը՝ շեշտելով, որ դրան զուգահեռ կրթության ոլորտում բավականին պատկառելի գումարներ են ծախսվում, սակայն ոչ արդյունավետ, որի համար ևս մեղավորները չեն պատժվել:

Կրթության փոխնախարար Դավիթ Սահակյանը հակադարձեց՝ ասելով, որ սա պետության քաղաքականությունը չէ, այլ ստիպված քայլ, և կրճատվել են նաև այլ ոլորտներին հատկացվող գումարները:

Դավիթ Ամիրյանը ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնք փաստում են, որ երկրում աղքատների 61 տոկոսը միայն տարրական կրթություն ունեցողներն են: Նրա խոսքով, որակյալ կրթություն ապահովելը ոչ միայն պետության պարտավորությունն է, քաղաքացիների իրավունքը, այլ նաև նպաստելու է աղքատության կրճատմանը: Միևնույն ժամանակ առկա աղքատության իրավիճակը չի դրվում ծրագրերի մշակման և իրականացման հիմքում:

Ամիրյանը մտահոգություն հայտնեց, որ որակյալ կրթության հասանելիության, համաչափ զարգացման և աղքատության խնդիրների լուծման ուղղությամբ պետությունը ծրագրեր չի իրականացնում.

«Որն է ելման կետը, որ մենք ունենք այսքան աղքատ հասարակություն և պետք է ապահովենք որակյալ կրթություն, թե ունենք այսքան փող և միանձնյա որոշվում է, որ դա պետք է տրվի Արարատյան բակալավրիատի Գերազանցության ազգային ծրագրին, որը ոչ միայն չի լուծում այս հարցը, այլև էապես խորացնում է բևեռացումն ու անհամաչափությունը»,- պնդեց Ամիրյանը:

Կրթության փոխնախարար Դավիթ Սահակյանը, ընդունեց, որ կրթության ոլորտում փոփոխությունների կարիք կա, խնդիրները շատ են, սակայն պետք է. «քայլ առ քայլ գնալ այդ փոփոխություններին», քանի որ վստահ չէ, որ հասարակությունը «պատրաստ է կտրուկ փոփոխությունների»:

Ներկայացնելով Գերազանցության ազգային ծրագիրը՝ փոխնախարարը շեշտեց, որ այն հասանելի է լինելու և մեծ հնարավորություն է տալու ավագ դպրոցի բոլոր աշակերտներին:

«Հիմնական խնդիրն է ավագ դպրոցի աշակերտներին տալ այս հնարավորությունը, որոնք կարողանում են շեմը հաղթահարել, դա չի նշանակում էլիտարացում, սա փակ համակարգ չէ, բոլոր դպրոցները կարող են ներգրավվել, նույն ուսուցիչը, որը վերապատրաստվելու է և դասավանդելու է գերազանցության ծրագրով, նաև մյուսներին է կրթելու, մենք չենք կարող ասել, մի տեղ աշխատի լավ, մյուս երեխաների հետ՝ վատ»,- հավաստիացրեց կրթության փոխնախարարը:

Սակայն մյուս բանախոսները հակադարձեցին՝ պնդելով, որ եթե ինը տարի շարունակ երեխաները չեն ստանում որակյալ կրթություն, եթե պաշտոնական տվյալներով աշակերտների 40 տոկոսն աղքատ է, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությամբ՝ 70 տոկոսը աղքատ կամ կարիքավոր, ապա նրանք ուղղակի զրկված են լինելու գերազանցության ազգային ծրագրից օգտվելու հնարավորությունից՝ չկարողանալով հանձնել անհրաժեշտ քննությունները:

«Ստացվում է, որ այդ հնարավորությունը կրկին միայն ապահով ընտանիքների երեխաներին է հասանելի լինելու, սոցիալական բևեռացումը, այսօր արմատավորվում է, բյուրեղանում է նաև կրթության համակարգում»,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ներկայացնելով կրթության ոլորտում առկա խնդիրները, շարունակեց.

«Կրթությունը սոցիալական վերելակ է, որի միջոցով կարելի է բարձրանալ: Սակայն Հայաստանում այդ վերելակը փչացել է սոցիալապես անապահով խավերի համար, մենք չենք կարողանում ստեղծել սոլիդարիստ հասարակություն, իսկ պատերազմող երկրում նման բևեռացման գնալը վտանգավոր է»,- ասաց փորձագետը:

Նրա կարծիքով, կրթության ոլորտին քիչ փող հատկացնելը հարուստ խավի համար ոչ մի էական նշանակություն չունի, քանի որ իրենք իրենց երեխաների խնդիրները լուծել են, «մինչդեռ այն երեխաները, որոնց հույսը գյուղի հանրակրթական կամ ավագ դպրոցն է, տուժում են ու առաջիկայում շարունակելու են տուժել: Սա մեր հիմնական խնդիրն է, մենք չենք կարողանում ստեղծել համերաշխ հասարակություն և այս ճեղքվածքը հանգեցնելու է սոցիալական լարվածության»:

«Մինչև Հայաստանում մանկապարտեզների և տարրական դպրոցների հարցը չլուծվի, ավագ դպրոցները երբեք չեն լավանա, ավագ դպրոցների խնդիրների մեծ մասը գալիս են վաղ մանկության և կրտսեր դպրոցի թերություններից»,- ասաց Խաչատրյանը և եզրափակեց քննարկումը պնդումով. «Եթե մենք հիմա անընդհատ խոսում ենք ավագ դպրոցներից ու ներդրում ենք անում այդտեղ, դա նույնն է, թե 20 գարշոկ դրված լինի, գնաք ամենատակինը հանենք, այ մենք հիմա դա ենք անում, ամենատակինն ենք հանում և փլուզում ողջ համակարգը»: