Գազի մատակարարման դադարեցումը զուրկ է քաղաքական ենթատեքստից. «Գազպրոմ Արմենիա»
Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցնելու արդյունքում բոլոր սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: Այս մասին ասված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության մեջ:
«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ օգոստոսի 2-ի հայտարարությունը որոշ լրատվամիջոցներ մեկնաբանել են բացառապես անհիմն եղանակով՝ փորձելով քաղաքականացնել այդ հարցը և ներկայացնել այն տարածաշրջանային պետությունների աշխարհաքաղաքական շահերի բախման լույսի ներքո:
«Քաղաքական տարրեր» փնտրողների կասկածները փարատելու նպատակով հայտնում ենք, որ դեռևս այս տարվա հուլիսի 4-ին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնական գրությամբ դիմել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ին՝ տեղեկացնելով, որ Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրացական հատվածում (Քուռ գետի մոտակայքում) նախատեսվում է կառուցել օդային անցում և շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար պահանջվում է 30 օրացուցային օր: Հարկ ենք համարում նաև նշել, որ վրացական կողմը իրենց ծրագրերի մասին «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը բանավոր կարգով տեղեկացրել էր ավելի վաղ՝ հունիսին, ինչին արդեն հաջորդել էր պաշտոնական գրությունը:
«Գազպրոմ Արմենիա»-ի հետ աշխատանքների մեկնարկի ժամկետը համաձայնեցնելուց հետո Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը օգոստոսի 2-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ օգոստոսի 3-ից կդադարեցվի Վրաստանի տարածքով բնական գազի փոխադրումը դեպի Հայաստան մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Կրկին տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, նախօրեին VERELQ-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով: