12.05.2025
Իսրայելի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության օրը նշելու օրինագիծը
15.02.2018
Իսրայելի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության օրը նշելու օրինագիծը

Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը քննարկել է Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը, սակայն մերժել այն: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:Բանաձևին դեմ է քվեարկել 41 պատգամավոր, կողմ էին 28-ը: Լապիդի խոսքով, այս հարցը պարզ խնդիր չէ, բանավեճի խնդիր չէ.«Այն պարզ բարոյական հարց է, թե մենք՝ հրեաներս արդյոք կարող ենք ժխտել ցեղասպանությունը: Սա ընդդիմության և իշխանական տեսակետների հարց չէ, սա հրեաների և ոչ հրեաների խղճի հարցն է»,- ասել է նա:Իսրայելի ԱԳ փոխնախարար Ցիպի Խոտովելիի խոսքով` Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայաստանի արտգործնախարարության հիմնական նպատակը դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: 2015 թվականին Հայաստանի կառավարությունը նպատակ էր դրել, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Իսրայելը պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Երեքն էլ չճանաչեցին.«Մեր դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Շատ կարևոր է ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը, և մենք՝ հրեաներս հասկանում ենք դա, բայց չենք կարող փոխել մեր արտաքին քաղաքականությունը, քանի որ առկա են դիվանագիտական մեծ խնդիրներ»,- ասել է նա: Հիշեցնենք, 2017 թվականի նոյեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը ակնկալում է Իսրայելից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում: