26.12.2024
Մամուլ. Համակարգը պատրաստ չէ արտակարգ իրավիճակներին
15.08.2017
Մամուլ. Համակարգը պատրաստ չէ արտակարգ իրավիճակներին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ չեն դադարում Վայոց ձորի Արտավան գյուղի մերձակա անտառում, ինչպես նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհները: Արդյունքում, բավական լուրջ վնասներ է հասցվել բնությանը, եւ դեռ տասնյակ տարիներ կպահանջվեն, որպեսզի վերականգնվի վերջին օրերին Խոսրովի անտառներին հասցված վնասը: Չնայած հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել ոչ միայն ԱԻՆ-ը, այլ նաեւ ՊՆ-ն, ոստիկանությունը, քաղաքացիական անձինք, այնուամենայնիվ, չի հաջողվում ամբողջովին մարել կրակը: Բանը հասել է նրան, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ երեկ երեկոյան ԻԼ-76 ջրատար ինքնաթիռն արդեն Հայաստանում էր, ու մասնագետները շարունակում էին իրենց գործունեությունը: Անտառային այս հրդեհները, սակայն, բացահայտեցին մեկ ցավալի իրողություն. ՀՀ ԱԻ նախարարությունը պարզապես անպատրաստ է նման միջադեպերին: Ընդ որում, այնպես չէ, որ անտառային հրդեհներն անսպասելի էին. ընդհակառակը, դեռ օգոստոսի 8-ին ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով ՀՀ-ում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով ան­տառային եւ հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգի մասին՝ նաեւ խորհուրդ տալով առավել հրդեհավտանգ տեղերում ստեղծել հսկիչ կետեր եւ վստահեցրել. «Հրշեջները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները»: Բայց այս հրդեհները ցույց տվեցին, որ հակառակ նախարարության պնդումներին՝ համակարգը պարզապես անպատրաստ էր արտակարգ իրավիճակներին, եւ կրակի լեզուները շարունակում են տարածվել»: «Հրապարակ» օրաթերթը գրում է. Հանրային խորհրդի անդամ, քա­ղաքագետ Սուրեն Զոլյանը կար­ծում է, որ առաջիկայում չկան փողոցային պայքարի նախադրյալներ: «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց առայժմ նման բան չի ուրվագծ­վում»,- այսպես արձագանքեց նա՝ ի պա­տասխան այն հարցին, թե հնարավոր է, որ աշնանն իշխանություններից դժգոհ ժողովուրդը դուրս գա փողոց: Նկատեցինք, որ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս մնացին նախկի­նում քաղաքական կյանքում ակտիվ դե­րակատարում ունեցած եւ ծանրակշիռ ուժեր, ինչպիսիք են, օրինակ, «Հայ ազ­գային կոնգրեսը», «Ժառանգությունը», «Համախմբումը», եւ հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, հնարավոր է, որ այս ուժերը միավորվեն կամ թեկուզ փորձեն առանձին-առանձին պայքարել իշխա­նությունների դեմ: «Չեմ կարծում, թե նրանք կմիավորվեն: Եվ դա ճիշտ կլինի, քանի որ նրանք տարբեր են իրենց անցած ճանապարհով: Դժվար է կանխա­տեսելը, որ նրանք կմիավորվեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե անգամ նրանք միավորվեն, ապա դա որեւէ արդյունք չի տա, քանի որ նրանք ավելի նպաստավոր պայմաններում չկա­րողացան հակազդել գործընթացներին: Իսկ փողոցային պայքարը, ըստ նրա, ավելի կոշտ պայմաններ է ենթադրում, եւ նրանք, ովքեր ընդունակ են այդ կոշտ պայքարին, հայտնվել են բանտերում: Սուրեն Զոլյանը կարծում է, որ իշխանությունները բավականին հանգիստ եւ ինքնավստահ են, քանի որ հասարակության դժգոհությունը չի ազդում քաղաքական պրոցեսների վրա»: «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում: Տեւական ժամանակ է՝ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում ՔԿՀ-ներում կալանքի տակ-գտնվող անձանց հարազատները՝ դժգոհելով, որ կալանավորների դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են դատավորների՝ այլ գործերով խորհրդակցական սենյակում կամ արձակուրդում գտնվելու կամ էլ տեխնիկական խնդիների պատ­ճառով: Իրավիճակը ավելի շատ սրվել է վերջին երկու ամիսներին: Պատճառը քաղաքական հնչեղություն ու­նեցող դատավարություններն են: Դատական ու իրավական համակարգը ողջ ուժերը կենտրոնացրել են «Սասնա ծռեր» խմբի անդամների, Ժիրայր Սէֆիլյանի, ինչպես նաեւ Նորք-Մարաշում վնասազերծված Արթուր Վարդանյանի զինված խմբավորման անդամների գործով դատական նիստերի վրա, եւ այդ օրերին աշ­խատում են այլ քրեական գործերով դատական նիստեր չնշանակել: Թե մինչեւ երբ է շարունակվելու այս իրավիճակը, հայտնի չէ. մարդիկ շատ դեպքում հանիրավի կալանավորված են»: «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ուրբաթ օրը մեծ շուքով նշվեց շինարարի օրը, անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգեւատրեց մի շարք շինարարների: Բայց արի ու տես, որ իրական կյանքում Հայաստանում այդ ոլորտում ծավալների նվազման հետեւանքով շինարարական մի շարք ընկերություններ պակասեցրել են հարկային վճարումները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 12 տոկոսով: Խոշոր հարկատուների թվում են շինարարական «Ղարաբաղցյանշին», «Բաղրամյանշին», «Ագաթ-777» ընկերությունները, որոնք եւս նվազեցրել են հարկերը: Հատկանշական է, սակայն, փաստը, որ իր հարկերն ավելացրել է միայն «Սահակյանշին» ընկերությունը, որը հիմնականում զբաղված է պետական պատվերները կատարելով»: «Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ նշում էր ծննդյան 54-րդ տարեդարձը: Եվ չնայած նա պաշտոնական այցով Ղազախստանում էր, սակայն Ֆեյսբուքի նրա էջում չէին դադարում շնորհավորանքները: Նրան մաղթում էին առողջություն, հաջողություններ, կամք՝ կառավարության առջեւ դրված խնդիրները լուծելու հարցում: Օգոստոսի 13-ից երկօրյա այցով Ղազախստանում գտնվող Կարեն Կարապետյանը մասնակցում է Եվրասիական միության միջկառավարական խորհրդի նիստին՝ վարչապետների հավաքին: Իսկ 15-18-ը նա արձակուրդում կլինի: Թե որտեղ է Կարեն Կարապետյանն անցկացնելու արձակուրդը, կառավարությունը չի հայտնում»: