Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3 անձի: Ինչպես հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության բաժնում է եղել ընդհանուր հինգ քաղաքացի,նրանցից 3-ը՝ բերման ենթարկված, իսկ երկուսը հրավիրվածի կարգավիճակ են ունեցել: Կատարվում է հետաքննություն, այլ մանրամասներ չհաղորդեցին: Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ բերման ենթարկվածների թվում է եղել նաև TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը, որը Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է։ Մայիսի 13-ին ընթանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը: Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին: