16.09.2025
Հակոբ Արշակյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը
07.06.2019
Հակոբ Արշակյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով փոխտեղակալ Դեյվիդ Միլեի հետ:ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության խնդիրները, արդեն իսկ ուրվագծված հետագա ծրագրերը և այդ առնչությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության գիտական, տեխնոլոգիական, կրթական, գործարար ոլորտների ներուժին։Նախարարը նշել է նաև, որ կառավարման ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, գործարար և մրցակցային միջավայրերի բարելավումը ստեղծել են անհրաժեշտ բոլոր պայմանները ոլորտի զարգացման համար: Համագործակցությունն այս ոլորտում անկասկած զարգացման մեծ հեռանկար ունի` պայմանավորված ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման բարձր մակարդակով և ՀՀ-ում գիտակրթական ներուժի առկայությամբ, որը պետք լավագույնս օգտագործել, ընդ որում՝ գործել պետք է այնպիսի արագությամբ, ինչպես զարգանում են տեխնոլոգիաները:Փոխտեղակալ Միլեն կարևորել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի դերը այս ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու համար: Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ-ից Հայաստան երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներին և պատրաստակամություն են հայտնել համագործակցել այդ բնագավառում։ Հանդիպման ավարտին նախարարը ամերիկյան կողմին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019):