16.02.2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին
16.01.2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռականորեն տրամադրված է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության հետագա ամրապնդման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը և նոր ազդակ հաղորդել մեր բազմակողմ համագործակցությանը՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: Միխայիլ Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վարչապետի պաշտոնում նշանակվել է այսօր՝ Պետդումայի հավանությունը ստանալուց հետո։ Երեկ Ռուսաստանի կառավարությունը՝ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ, հրաժարական էր ներկայացրել, ինչից հետո նախագահ Պուտինը առաջադրել էր Միշուստինի թեկնածությունը։