18.02.2026
Գավառի բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել. ոստիկանություն
29.04.2020
Գավառի բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել. ոստիկանություն

Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը: «Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն: Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։ Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը: Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր Գավառում կրակոցների մասին: