Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 2-ին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքից անօրինական զինված կազմավորումների ներգրավվածության մասին ստացվող տեղեկությունների կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ: Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման եւ հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) 2020թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության հունով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձեւաչափերով։