Մինչ 2018-ի իշխանափոխությունը Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» և «Elias Doumet» ընկերություններն ընդդեմ Հայաստանի դիմում են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Անդրանիկ Մուրադյանի նամակից՝ ուղղված միջազգային կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանին։ «Մեր ձեռքում հայտնված փաստաթղթից մասնավորապես տեղեկանում ենք, որ դիմումը արդեն իսկ ներկայացվել է դատարան, և Մուրադյանը այդ դիմումի հայերեն թարգմանությունն է խնդրում Դավիթ Գևորգյանից․ «Կից Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային արբիտրաժ Sanitek և Elias Doumet ընկերությունների կողմից ներկայացված դիմումի պատճենը և խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել նշված հայերեն թարգմանությունը»,- գրել է Մուրադյանը՝ նշելով, որ ընդդեմ Հայաստանի դիմումը 40 էջ է։ Հիշեցնենք, որ «Սանիթեքը» Հայաստանում իր աշխատանքն ամբողջությամբ դադարեցրել է 2019-ի օգոստոսի վերջերից։ Քաղաքի աղբահանությունը ստանձնեց քաղաքապետարանը։ Լիբանանյան կազմակերպությունը բազմիցս հայտարարել էր, որ իրենց գործունեությունը ապօրինի է դադարեցվում, և իրենք դիմելու են միջազգային արբիտրաժ»,-գրում է աղբյուրը։ Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր. «Շատ հանգիստ, առանց շտապելու, ուսումնասիրելով բոլոր փաստերը և խնդիրները՝ պատրաստվել ենք այս ամեն ինչին, այնպես որ ոչ մի մտավախություն չունենք կապված արբիտրաժի հետ: Եթե «Սանիթեք» ընկերությունն, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան»։