ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ևս երկու տարի կպաշտոնավարի որպես Ֆինանսական կայունության խորհրդի ԱՊՀ տարածաշրջանային խորհրդակցական խմբի համանախագահ՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոյիսեևի հետ միասին: ԿԲ-ից հայտնում են, որ ԱՊՀ տարածաշրջանային խորհրդակցական խմբի անդամներն են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ֆինանսական ոլորտի պաշտոնատար անձինք: Շվեյցարիան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրավիրված են Խմբի նիստերին` որպես մշտական դիտորդներ: Ֆինանսական կայունության խորհուրդը (ՖԿԽ) միջազգային մարմին է, որը մշտադիտարկում և առաջարկություններ է ներկայացնում համաշխարհային ֆինանսական համակարգի վերաբերյալ: ՖԿԽ-ն նպաստում է միջազգային ֆինանսական կայունությանը` համակարգելով ազգային ֆինանսական մարմինների և միջազգային ստանդարտներ սահմանող մարմինների աշխատանքները, որոնք աշխատում են ուժեղ կարգավորիչ, վերահսկողական և ֆինանսական ոլորտի այլ քաղաքականությունների մշակման ուղղությամբ: ՖԿԽ-ն խթանում է հավասար մրցակցային պայմաններ` խրախուսելով այդ քաղաքականությունների համահունչ իրականացումը համապատասխան ոլորտներում և իրավասությունների ներքո: ՖԿԽ-ն, գործելով իր անդամ երկրների միջոցով, ձգտում է ամրապնդել ֆինանսական համակարգերը և բարձրացնել միջազգային ֆինանսական շուկաների կայունությունը: Այս օրակարգի իրականացման համար մշակված քաղաքականություններն իրականացվում են մասնակից երկրների իշխանությունների կողմից: ՖԿԽ-ի նախագահն ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի փոխնախագահ Ռանդալ Քուարլսն է, իսկ տեղակալը՝ Նիդեռլանդների բանկի նախագահ Քլասս Նոթը: