Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը: Ըստ Բաքվի ներկայացրած պաշտոնական թվերի, զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2900-ի: Նշվում էր, որ խոսքը մինչև 2021 թ. հունիսի 2-ը հուղարկավորված զինծառայողների մասին է, իսկ նույնականացման գործընթացը շարունակվում է: Մինչդեռ այսօր թուրքական TRT հեռուստաալիքը ռեպորտաժ է եթեր հեռարձակել այն մասին, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել նվերներ շեհիդների երեխաների համար: Ռեպորտաժում նշվում է, որ նվերներ կստանան 6 հազար ադրբեջանցի զինծառայողների ընտանիքներ, որոնք զոհվել են 44-օրյա պատերազմում: Հարց է առաջանում՝ ո՞րն է ավելի հավաստի՝ պաշտոնական 2900-ը, թե՞ 6000-ը: Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանություններն էլ նույն քաղաքականությունն են վարում ՝ թաքցնելով վերջին պատերազմում զոհվածների իրական թիվը: Ուշագրավն այն է, որ որոշ ժամանակ անց տեսանյութին կից հրապարակումը խմբագրվեց ու ավելացվեց՝ և վիրավորների երեխաները: Սակայն սկզբնական սքրինշոթը կա և այն խոսում է շարքային մանիպուլյացիաների մասին, որոնք իշխանությունները կիրառում են նաև Ադրբեջանում: