«Հրապարակի» թղթակիցն այսօր «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Ավելի վաղ լրատվամիջոցը լուր էր ստացել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Թղթակիցը Մուրադովից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։ «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանել է Մուրադովը։ Ինչ վերաբերում է հարցին՝ իսկ արդյոք գերիների վերադարձ նախատեսված է եղել, Մուրադովն արձագանքել է՝ ոչ. "Չի եղել: Դա սովորական աշխատանքային այց էր": Ռուս պաշտոնյան հրաժարվել է պատասխանել, թե արդյոք մեկնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման. "Չեմ մեկնաբանում",- ասել է նա: Մուրադովի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում։