5.11.2025
Թմրանյութը փոստով. մաքսավորները 200 հազար դոլար արժողությամբ ափիոն են հայտնաբերել
31.05.2022
Թմրանյութը փոստով. մաքսավորները 200 հազար դոլար արժողությամբ ափիոն են հայտնաբերել

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից: Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոխանակման կենտրոնում Ավստրալիա ուղարկվող միջազգային երկու առաքանիների նկատմամբ իրականացրել են մաքսային տեսազննում: Այնուհետև կատարվել է զննում և Հայաստանի Հանրապետությունից` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից դեպի Ավստրալիա ուղարկվող միջազգային փոստային առաքանիներից յուրաքանչյուրի միջից հայտնաբերվել է մեկական արծաթագույն լիսեռ: Հիշյալ առաքանիների միջից հայտնաբերված 2 արծաթագույն լիսեռները հատուկ գործիքների միջոցով կտրելու և մասնատելու արդյունքում հայտնաբերվել է 3կգ 680 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի շուկայական գինը գերազանցում է 200 հազար ԱՄՆ դոլարը: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։