Սկսվում է Ամուլսարի շահագործումը. նախարար
Ամուլսարը կսկսեն շահագործել. այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա հայտարարեց, որ Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ:
«Խոսքն Ամուլսարի մասին է: Մենք այսօր ժամը 5-ին 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ կտա վերսկսել եւս մեկ հանք, որի վերաբերյալ պարտավորությունները վաղուց կան», - ասաց նա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Նա տեղեկացրեց, որ նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ:
Նշենք, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը մինչ այսպես կոչված թավշյա հեղափոխությունը դեմ էր Ամուլսարի շահագործմանը, ակտիվ մասնակցում էին բողոքի ակցիաների: Այդ թվում և ՔՊ-ական Լենա Նազարյանը, որը դառնալով ԱԺ փոխնախագահ՝ կտրուկ փոխեց իր տեսակետը այս բնապահպանական խնդրի շուրջ: Այսօր Լենա Նազարյանը հրաժարվում է որևէ հարցազրույց տալուց, հատկապես, երբ խոսքը իր նախկին մոտեցումների մասին է:
Նույն Նիկոլ Փաշինյանը, վարչապետ դառնալուց հետո, հայտարարեց. «Ուզենք թե չուզենք հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության և նրա զարգացման համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում»: