10.08.2026
Քննարկվել են հայ-կատարական խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցության հարցերը
26.01.2023
Քննարկվել են հայ-կատարական խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցության հարցերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կատարի Պետությունում է: Այցի շրջանակում ԱԺ Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Թովմասյանը եւ Տրդատ Սարգսյանը հանդիպել են Կատարի խորհրդարանի կատարա-ասիական բարեկամական խմբի ղեկավարի հետ: Վահագն Ալեքսանյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Կատարի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը` խարսխված փոխադարձ հարգանքի եւ փոխըմբռնման վրա: Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը: Նշվել է, որ Կատարի խորհրդարանում արդեն ստեղծվել է Կատար-Հայաստան բարեկամական խումբը: Երկու բարեկամական խմբերի միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագրի պատրաստման աշխատանքների մեկնարկի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վահագն Ալեքսանյանը վստահեցրել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-կատարական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն: Նշելով, որ Կատարում ՀՀ դեսպանության բացումը կարեւոր կամուրջ էր երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում` բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է Երեւանում Կատարի դեսպանության հիմնումը: Անդրադարձ է եղել տարածաշրջանային կայունության եւ խաղաղության խնդիրներին: Նշվել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն արդեն մեկուկես ամիս պահում է շրջափակման մեջ: Ներկայացվել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Պատվիրակության անդամները հույս են հայտնել, որ Կատարը` որպես Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող երկիր, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հարցում իր աջակցությունը կունենա: Կատարի գործընկերները բարձրացրել են կրոնական անհանդուրժողականության հարցը: Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանն ու մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հայ պատվիրակները Կատարի գործընկերներին սիրով հրավիրել են Երեւան: