7.07.2025
Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին. Փաշինյան
15.06.2022
Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, 2021 թվականին ընդդիմությունը երկու հիմնական թեզ է զարգացրել, որ կառավարությունը միայնակ է թողել Արցախին և երկրորդը՝ պահանջել են որդեգրել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը: Փաշինյանն ասաց, որ ընդդիմությունը փորձել է հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարության տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը, և եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում: "Առաջին թեզը հերքվում է հենց միայն բյուջետային ցուցանիշներով: Հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել: Այսինքն՝ ՀՀ աջակցությունն Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոս՝ 2019-ի համեմատ կամ 70 մլրդ դրամով: Իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով: 2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը, և 2021-ին Հայաստանի կառավարության աջակցությունն Արցախի բյուջեին ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն",- ասաց նա: Փաշինյանը նաև հիշեցրեց այն ծրագրերի մասին, որ իրականացվում են Արցախում 2020-ի դեկտեմբերից, թեև նկատեց, թե "ՀՀ կառավարությունն այս ամենն առանձնապես չի էլ թմբկահարել": «Ճիշտ ենք արել, դա մեր աշխատանքն է: Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին, ինչքան էլ որոշ շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել»,- հավելեց Փաշինյանը: