Արցախի ոստիկանության ծառայողների և «Խայփալու» կոչվող տեղանքին հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը մարտում ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր։ Այս մասին տեղեկացրել է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը՝ անդրադառնալով նշված տեղանքում ոստիկանության մեքենայի վրա Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի մարտի 5-ին կատարած հարձակմանը։ «Ինչպես հայտնել ենք արդեն, այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող: Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ, իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր: Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա: Կից լուսանկարներում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան: Անհրաժեշտ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Լուսանկարներում երևում է նաև, որ նշված ավտոմեքենան ուսումնասիրում են ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողները։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում: ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»։