28.07.2025
Թուրքիայի խորհրդարանում ցուցադրվել են ցեղասպանության ժամանակ սպանված հայ պատգամավորների նկարները. Bianet.org
22.04.2016
Թուրքիայի խորհրդարանում ցուցադրվել են ցեղասպանության ժամանակ սպանված հայ պատգամավորների նկարները. Bianet.org

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով պահանջում է ձևավորել խորհրդարանական հանձնաժողով և քննել 1908-1915թթ. Օսմանյան կայսրության խորհրդարանի հայազգի 7 պատգամավորների (Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաչեան, Նազարէթ Տաղաւարեան, Կարապետ Փաշաեան, Հովհաննէս Սէրէնկիւլեան, Օնիկ Դերձակեան, Համբարձում Բոյաջեան) ձերբակալության և սպանության գործերը, գտնել նրանց մարմինները և հուղարկավորել պատշաճ կարգով։ Այս մասին տեղեկացնում է Bianet.org-ը: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում է aravot.am-ը։ Ելույթի սկզբում Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին կրկին ողջունել է հայերեն՝ ասելով «Բարև Ձեզ»։ Իր ելույթի ընթացքում Փայլանը խստորեն քննադատել է հայազգի պատգամավորների ձերբակալություններն ու սպանությունները, հիշատակել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների Թալեաթին, Էնվերին, Ջեմալին և այլոց։ Փայլանը իր ելույթում խիստ տարօրինակ է համարել, որ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում փողոցներ են անվանվում Հայոց ցեղասպանության կազմակերպիչ ոճրագործների անուններով, որից հետո ասել է. «Կարո՞ղ եք պատկերացնել՝ դուք գնում եք Գերմանիա և քայլում Հիտլերի անվան պողոտաներով»։ Իր ելույթի վերջում Փայլանը ասել է, որ Թուրքիան պարտավոր է առերեսվել իր պատմությանը և հատ առ հատ բարձրաձայնել ու ցուցադրել է Օսմանյան կայսրության հայազգի պատգամավորների անուն ազգանունն ու դիմանկարները։ Փայլանն իր ելույթն ավարտել է հետևյալ բառակապակցությամբ. «Աստված իրենց հոգին լուսավորի»։