Յուրաքանչյուր լրատվամիջոցի պնդմանն արձագանքելն անիմաստ եմ համարում. այսօր լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն` անդրադառնալով էներգետիկայի ոլորտին, և ռուսական լրատվամիջոցներից մեկի պնդմանը, թե եվրոպացիներն ատոմակայանը փակելու են։
Tert.am-ի հաղորդմամբ, նախարարը նշեց, որ երկրում հնարավոր զարգացման 2 սցենար կա: «Էներգետիկայի ոլորտում ունենք երկու մոտեցում, առաջինը` փորձելու ենք երկրում էներգակիրների գինը նվազեցնել, երկրորդը` նվազեցնել հոսանքի գինը»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ շատ գործոններ են հաշվի առնվում և անգամ ատոմակայանների պարագայում երկու իրարից տարբերվող մոտեցումներ կան:
«Մենք պլանավորում ենք էներգետիկ ոլորտի զարգացում` ելնելով երկրի հիմնական ռազմավարական նպատակներից: Սա քաղաքական որևէ ազդեցության ենթակա չէ, այլ էներգակիրների շուկայում առկա իրավիճակով է պայմանավորված, գներով, սպառմամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ատոմակայան ունենալու քաղաքական որոշումը չի՞ փոխվել, նախարարն ասաց, որ մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ: Նա նշեց, որ կառավարության երկարաժամկետ ռազմավարությունում հստակ նշված է, որ այն պարբերաբար ենթակա է վերանայման: Նա նշեց, որ կիրառվում է մաթեմատիկական մոդել և կանխատեսումների հիման վրա գնահատում են, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ սպառողների համար:
«Անընդհատ վերանայելու ենք` կախված տեխնոլոգիական զարգացումներից: Հիմա նոր տեխնոլոգիա է ի հայտ եկել, որը հնարավորություն է ընձեռել ատոմակայանը 50 մեգավատանոց բլոգերով աշխատեցնել, և դա փոխում է դա գնահատումը: Այսինքն` մենք դրա արդյունքում կարող ենք գնալ լրիվ այլ ճանապարհով, որ ստեղծենք շատ ավելի փոքր հզորությամբ ատոմակայան: Հնարավոր է, որ ինչ-որ նոր տեխնոլոգիա առաջանա, հնարավոր է, որ վերանայենք մեր մոտեցումները»,-ասաց նա և հավելեց, որ յուրաքանչյուր անգամ գնահատելու են, թե որ մոդելն է առավելագույնս արդյունավետ լինելու:
Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ նման խոշոր ծրագրերում խոսքը տնտեսական արդյունավետության մասին է, որովհետև սպառողն է իր գրպանից վճարում այդ գինը:
«Որևէ ոչ թափանցիկ գործիք, որը պայմանավորված է քաղաքական գործընթացներով, անընդունելի է»,– նշեց նա:
Նախարարը համաձայնեց, որ ատոմակայանը տալիս է ամենաէժան էլեկտրաէներգիան, եթե կա արդեն կառուցված ատոմակայան, սակայն երբ հաշվարկվում են ներդրումները, այլ պատկեր է ստացվում։ Այն ամենևին այնքան էժան չի լինելու, որքան այսօրվա ատոմակայանի արտադրանքը:
Ինչ վերաբերում է նրան, որ ատոմակայան ունենալը տալիս է անկախություն` նախարարն ասաց. «Մենք չունենք հումքի արտադրություն, և որոշակի կախվածության մեջ ենք հումք արտադրողներից, դրա համար փորձում ենք բոլոր տարրերը հաշվի առնել»:
Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ հոկտեմբերի 13-ին հրապարակվել է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստն ու դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։ Փաստաթղթում առկա են էներգետիկ համագործակցությանը և միջուկային անվտանգությանը նվիրված ծավալուն դրույթներ:
Էներգետիկ ոլորտում համագործակցությունը ենթադրում է նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը: Միաժամանակ նշվում է, որ պետք է հաստատել ճանապարհային քարտեզ կամ գործողությունների պլան, որը նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորությամբ: