28.07.2025
ԼՂՀ ՊԲ. տանկի ոչնչացման լուրը քարոզչական
24.04.2016
ԼՂՀ ՊԲ. տանկի ոչնչացման լուրը քարոզչական "մուղամի հերթական ելևէջ" է

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր ադրբեջանական պրոպագանդան, հենվելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի վրա, հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի լույս 24-ի գիշերը հայկական «տանկերը մոտեցել են դիրքերին և կրակ բացել, իսկ այնուհետև կենդանի ուժի օգնությամբ կատարել հարձակման փորձ»: Ադրբեևջանական մամուլը, հղում կատարելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությանը, հայտնել էր շփման գծում բախումների ժամանակ հայկական զինուժի մեկ տանկի ոչնչացման և դրա անձնակազմի զոհվելու մասին: «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական պրոպագանդայի երևակայության արգասիք հանդիսացող տեղեկատվությունը՝ դա համարելով ոչ այլ ինչ, քան սեփական նախահարձակ գործողությունները սքողելու հերթական քարոզչական հնարք», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը փոխանցում է, որ Պաշտպանության բանակը, ի տարբերություն հակառակորդի, հարգելով ապրիլի 5-ին կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այս ընթացքում ոչ միայն ձեռնպահ է մնացել իրավիճակն ապակայունացնող որևէ նախահարձակ գործողությունից, այլ առավել ևս առաջնային գծում զրահատեխնիկայի կամ զորքերի տեղաշարժ կատարելուց: «Ինչ վերաբերում է հայկական մեկ տանկի ոչնչացման և դրա անձնակազմի զոհվելու մասին ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, ապա դա ընդունեք որպես հակառակորդի քարոզչական մուղամի հերթական ելևէջ», - ասված է հաղորդագրությունում: