Այսօր առավոտյան Մորդովայի բանտում 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Այս մասին հայտնում է vesti.am-ը:
Ինչպես Մոսկվայից տեղեկացնում է լրագրող Վահե Ավանեսյանը, Լ.Հայրապետյանը մահացել է 68 տարեկանում: «Նրա վերջին ցանկությունն էր, որ իրեն հուղարկավորեն ծնողների մոտ», - նշել է Վ.Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ Լ.Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Նրա փաստաբան Հայկազ Մակարյանը բազմիցս դիմել էր ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լևոն Հայրապետյանի արտահանձնման հարցը:
Լևոն Հայրապետյանը մեղադրվում է իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու մեջ: Ըստ քննության, Հայրապետյանը գումարը վերցնելուց հետո էապես չի կարողացել ազդել դատավճռի մեղմման վրա, ինչի արդյունքում Իզմեստևը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մի շարք ծանր հացագործությունների իրականացման համար:
Հայրապետյանը ձերբակալվել է 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո։
Հայրապետյանն ավարտել է ՄՊՀ-ի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Զբաղվում է նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։
Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանվորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչկավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաև “Հյուսիս-Հարավ” ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։
2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորեց 2,5 միլիոն մ2 տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։ Միայն 26 մ բարձրությամբ ամբարտակի կառուցումը բարերարին արժեցավ 7 միլիոն դոլլար։ Ապագա ջրամբարի շուրջ որոշված էր տուրիստական ենթակառուցվածքի և հանգստյան գոտիների կառուցումը։ “Մենք կկարողանանք լուծել մի քանի խնդիր միանգամից. ձեռք բերել քաղցրահամ ջրի ահռելի պաշարներ, արտադրել էլեկտրաէներգիա, աշխատանքով ապահովել մոտակա բոլոր գյուղերի բնակիչներին և աջակցել զբոսաշրջության զարգացմանը»,-մեկնաբանեց Լևոն Հայրապետյանը։Նույն 2007 թվականին Լևոն Հայրապետյանը կազմակերպեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայիկազակների այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ՝ ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ, իշխան Վալերիան Մադաթովի 225-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում։
2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպվեց նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Երիտասարդներից յուրաքանչյուրն ուներ իր տեղը մարզադաշտում գցված սեղանների շուրջ։ Յուրօրինակ այս հարսանիքը հավատարիմ էր մեր ազգային ծիսակարգին։ Մնացած հյուրերն արարողությանը հետևում էին մերձակա բլուրներից։ Այս նախաձեռնության իրականացման համար «Լևոն Հայրապետյան» ֆոնդի միջոցներով իրականացվեց Վերածննդի կենտրոնական հրապարակից մինչև Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ ձգվող աստիճանների լիակատար վերանորոգում։
«Մեր նպատակը Ղարաբաղի ժողովրդագրական զարգացման խթանումն է։ ԼՂՀ բնակչությունը պետք է կազմի 300 հազարից ոչ պակաս։ Հովանավորներից յուրաքանչյուրը կդառնա մի քանի ընտանիքի քավոր, իսկ քավոր լինելն արդեն որոշակի պարտավորվածություն է։ Ընտանիքում ծնված առաջին երեխային կտրվի 2 հազար դոլլար, երկրորդին՝ 3 հազար, երրորդին՝ 5 հազար, չորրորդին՝ 10 հազար, վեցերորդին՝ 50 հազար և յոթերորդին՝ 100 հազար դոլլար գումար»,- նշեց գործարարը։
Հայրենի Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ։ Բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգինները։ Վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։ Բարերարի առաջնային ծրագրերից է համարվում Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումը։ 2012 թվականին Լևոն Հայրապետյանը իրագործեց նախաձեռնությունը և ֆինանսավորեց ռազմական ուսումնարանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որտեղ, այդ թվում, կտեղակայվի գործող ռազմական գիմնազիա։