Խաղաղության պլանավորումը պետք է լինի ջանքերի կենտրոնում. ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահություն
ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը ուշադիր հետևում էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում: Այս մասին ասված է նախագահության տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք ուրախ ենք տեսնել նախագահների նոր իմպուլսը և պատրաստակամությունը ջանքեր գործադրել ակտիվացնելու բանակցային գործընթացը և հավելյալ քայլեր փնտրել նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Նախագահությունը հույս ունի, որ վերսկսված բանակցային գործընթացը արտահայտված կլինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլերով: Խաղաղության պլանավորումը պետք է լինի ջանքերի կենտրոնում»,- ասված է հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ Անջեյ Կասպրշիկով ներկայացված նախագահությունն ընդգծում է իր պատրաստակամությունը հետագայում ևս աջակցել կողմերի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու եւ հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով: