Աշխատանքային այցով փետրվարի 5-ին Մյունխենում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։ Արդեն կես տարուց ավել է, ինչ լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին շեշտակի աճել է: Հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները սկսած 2014 թ. ամռանից մինչև այսօր զուգորդվում են երկկողմանի մարդկային կորուստներով՝ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում: Միայն տարեսկզբից մինչև այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայկական Զինված Ուժերը կորցրել են 10 զինվորական: Ադրբեջանի կողմի կորուստների մասին պաշտոնական տեղեկատվությունը շատ կցկտուր է: Փետրվարի 5-ին՝ ուշ երեկոյան ադրբեջանական կողմը սկսել է գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուր գյուղը: Գնադակոծության հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ, ով մահացու վիրավորում է ստացել իր տան բակում և տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոցից: «Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը և իր արկածախնդիր քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը»,- ընդգծեց նախարար Նալբանդյանը։ Էդվարդ Նալբանդյանը նաև վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին Կրակովում հանդիպել էին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ժամանակ նրանք «լուրջ մտահոգություն էին հայտնել շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հարձակումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի»։