25.11.2024
Այսօր կստորագրվի ՀՀ հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. Տայանի
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյան. ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս հաջողությունն է

2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարևոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Այս մասին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Նախագահի խոսքով՝ այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները:


«Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական և հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարևորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից: Հենց այս համատեղ արժեքների վրա հիմնված զարգացումն է միջազգային հանրության յուրաքանչյուր պատասխանատու անդամի երկարաժամկետ և կայուն առաջընթացի գրավականը։ Շնորհակալ եմ Եվրոպական Միության ղեկավարությանն այս գործընթացում ցուցաբերած աջակցության համար»,- ընդգծել է նա:


Հայաստանի նախագահը նշել է, որ այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով. մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր՝ առաջնորդելով շահերի հաշտեցման ու համադրման, համագործակցության և համակեցության ոգով, ինչը չափազանց պարտավորեցնող է։


«Ուզում եմ ընդգծել, որ այս ողջ գործընթացում Հայաստանի նպատակն ի սկզբանե եղել է մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա խորացումը: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է և կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար: Շնորհավորում եմ բոլորիս այս կապակցությամբ»,- շեշտել է նա։


Երկրի ղեկավարը նաև ասել է, որ վերջին երկու տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով, մասնավորապես՝ Համատեղ հռչակագրում ամրագրված՝ Հայաստանին վերաբերող դրույթների իրականացման համար գործադրված համատեղ ջանքերով։ Հայաստանը, թերևս, ԵՄ այն գործընկերներից է, որին հաջողվեց գրեթե ամբողջովին իրագործել 2015թ․ ստանձնած հանձնառությունները։


«Հավատացած ենք, որ այս գործընթացում Հայաստանի, ինչպես նաև ԵՄ մեր գործընկերների հաստատակամությունն առաջիկայում հանգեցնելու է մեր հասարակությունների առավել մերձեցմանը, ինչի համար, իհարկե, էական նշանակություն ունի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը»,- ասել է նա ու հավելել, որ ժամանել է Բրյուսել այն համոզմամբ, որ գագաթնաժողովը կարևոր հանգրվան է լինելու Արևելյան գործընկերության համար։

«Հայաստանն ի սկզբանե սատարել է համագործակցության այս ձևաչափն այն գիտակցությամբ, որ այս գործընկերությունը կոչված է խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը և, հանդիսանալով միավորող գործոն, ջնջելու է բաժանարար գծերը՝ հիմնվելով մարդու և ժողովուրդների հիմնարար իրավունքների վրա»: