25.11.2024
Մեզ համար ակնհայտ է ՀՀ և Ադրբեջանի հետ հարաբերություններում ՌԴ առանցքային դերը. Մերկել
prev Նախորդ նորություն

Այսօր կստորագրվի ՀՀ հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. Տայանի

Այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:


Նրա խոսքով, երկու տարի առաջ Ռիգայում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները պետք է հուշեն նոր հավատով և լավատեսությամբ մտածել այս կարևոր գործընկերությունն ուժեղացնելու համար հետագա քայլերի ուղղությամբ: Տայանին նշել է, որ ճիշտ ուղղությամբ են ընթանում՝  ուժի մեջ է մտել երեք նոր ասոցացման համաձայնագիր՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, սահմանվել է երկու նոր առանց վիզայի ռեժիմ՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ:


«Այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հետևելով Մոլդովայի հետ արդեն ստորագրված համաձայնագրին, մենք սկսել ենք Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, և վերջում, մենք նախաձեռնել ենք Բելառուսի հետ քննադատական ներգրավվածության քաղաքականություն՝ նախևառաջ երկրի քաղաքացիների և քաղաքացիական հասարակության շահերը պաշտպանելու նպատակով: Այս բոլոր ձեռքբերումները հիանալի հիմք են տալիս այսօր գագաթնաժողովի ընթացքում քննարկումների համար և պետք է նաև խրախուսեն ավելի հավակնոտ մոտեցում ընդունել ապագա համագործակցության վերաբերյալ»,- շեշտել է Եվրախորհրդարանի նախագահը:


Ըստ նրա, եկել է Արևելյան գործընկերության ապագայի հստակ քաղաքական տեսլական ունենալու ժամանակը՝ հիմնվելով ժողովրդավարական բազմազանության հիմնարար արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, իրավունքի գերակայության և առողջ կառավարման, կոռուպցիայի և դեմ պայքարի, թափանցիկության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ամրապնդման վրա: Եվ այդ ճանապարհին չափազանց կարևոր է երաշխավորել, որ այդ ընդհանուր քաղաքականությունը բերի կոնկրետ շահեր Արևելյան գործընկերության և ԵՄ-ի երկրների յուրաքանչյուր քաղաքացու համար:


Հիշեցնենք, նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության իրավական շրջանակային նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։