Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, որոնք ուղղված են բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային կառույցների ձևաչափով: Այսպիսի հայտարարություն է արել փետրվարի 6-ին երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստում: Ինչպես հայտնում են Հայաստանի կառավարության մամլո ծառայությունից, մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, որոնք ուղղված են բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային կառույցների ձևաչափով: "Կարևոր է, որ ԵՏՄ-ն ստեղծվել է փոխըմբռնման և բարեկամության հիմքի վրա և կոչված է ապահովել անդամ երկրների ժողովուրդների բարեկեցությունը: Ողջունելով Ղրղզստանի միանալը ԵՏՄ-ին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի Միության տնտեսական ներուժի ավելացմանը", - նշել է Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանը վտահեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կշարունակեն սերտորեն համագործակցել ԵՏՄ անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրենց գործընկերների հետ՝ ԵՏՄ շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների և ԵՏՄ պայմանագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով: Ելույթի վերջում վարչապետն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկն անցկացնել Հայաստանում: Անցնելով նիստի օրակարգային հարցերին՝ կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵՏՄ շրջանակում տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, որոշվել է համատեղ մշակել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքում Եվրասիական ինժեներինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգ: Նիստում քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության միանալուն առնչվող հարցեր: Նիստի վերջում ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր: Նիստում որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել մայիսի վերջին՝ Ղազախստանում: