Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհանգստություն են հայտնում կոնֆլիկտի գոտում վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք խորապես անհանգստացած ենք այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին», - ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահողը, հավելելով, որ վերջին շրջանում նկատվող միջադեպերն ու բռնությունների աճը ուղղակիորեն վնասում են տարածաշրջանի բոլոր երկրներին:
«Մենք նախատեսում ենք շուտով տարածաշրջան այցելել և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև բանակցություններ վարել նախագահների հետ», - ավելացրել է դիվանագետը:
Արդեն կես տարուց ավել է, ինչ լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին շեշտակի աճել է: Հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները սկսած 2014 թ. ամռանից մինչև այսօր զուգորդվում են երկկողմանի մարդկային կորուստներով՝ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում: Միայն տարեսկզբից մինչև այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայկական Զինված Ուժերը կորցրել են 10 զինվորական: Ադրբեջանի կողմի կորուստների մասին պաշտոնական տեղեկատվությունը շատ կցկտուր է:
Որոշակի տեղեկություններ այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում «հակառակորդը տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր»: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը արդեն հայտարարել են, որ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղեկայված զորքերի հրամանատարներին տրված է հարկ եղած դեպքում նախահարձակ գործողություններ իրականացնելու իրավունք:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ավլի վաղ հանդես էին եկել հայտարարությամբ, որում առաջին անգամ խուսափել էին վերջին շրջանում լարվածությունների աճի հետ կապված հայկական և ադրբեջանական կողմերի միջև հավասարության նշան դնելուց:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը», - հայտարարել էին միջնորդները։
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը համանախագահների հայտարարության մեջ Ադրբեջանին ուղղված կոչը համարում է մեղադրանք այդ երկրի հասցեին։
«Համանախագահների այս հայտարարության մեջ օգտագործված է դիվանագիտական շատ ավելի կոշտ լեզու, քան սովորաբար լինում է, և այն անմիջականորեն հասցեագրված է ադրբեջանական կողմին։ Հաշվի առնելով միջնորդների նախկին հայտարարությունները՝ սա արտասովոր է, քանի որ նախկինում նրանք մշտապես ձգտում էին հավասարակշռություն պահպանել», - կարծում է մասնագետը։