25.11.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Մարգվելաշվիլի. ՀՀ-Վրաստան հարաբերությունները համապատասխանում են բարեկամության ոգուն

Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանն իր հավատարմագրերն է  հանձնել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին:


ԱԳՆ-ից հայտնում են, որ համատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցում Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Սադոյանն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-վրացական հարաբերություններում:

Վրաստանի նախագահը նաև իր շնորհավորանքներն է փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

Նախագահ Մարգվելաշվիլին իր խոսքում գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների միջև գոյություն ունեն ակտիվ քաղաքական երկխոսություն, բարձր մակարդակի ինտենսիվ շփումներ և փոխայցելություններ: Նախագահ Մարգվելաշվիլին և ՀՀ դեսպանը համակարծիք էին, որ վերընթաց զարգացող հայ-վրացական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն:

Նույն օրը Վրաստանի ԱԳՆ-ում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն էր հանձնել Վրաստանի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանիին: Վերջինս գոհունակությամբ նշել է, որ վրացական կողմն ուրախ է, որ Վրաստանում տարեցտարի աճում է հայ զբոսաշրջիկների թիվը:

Իր հերթին դեսպան Սադոյանը նշեց, որ կարևոր է, որպեսզի վրացի զբոսաշրջիկները թիվը դեպի Հայաստան ևս աճի՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք կկատարի: