23.12.2024
Դեմիրթաշի` Մոսկվա այցի իրական նպատակները. հարցազրույց
24.12.2015
Դեմիրթաշի` Մոսկվա այցի իրական նպատակները. հարցազրույց

Ռուսաստան-Թուրքիա հակամարտությունը վտանգավոր է փխրուն անվտանգության ճարտարապետություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, համոզված է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյաը, ով VERELQ-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց այդ հակամարտության հրարավոր հետևանքները տարածաշրջանի համար: Պարոն Տեր-Մաթևոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահետտին Դեմիրթաշի որոշումը այցելել Մոսկվա և հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ԺԴԿ-ի համանախագահ Դեմիրթաշի այցը Մոսկվա ուշագրավ է մի շարք առումներով։ Առաջին հայացքից նրա ղեկավարած կուսակցական պատվիրակության այցը Մոսկվա կարող է թվալ որպես իշխանությունների կողմից Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու փորձ։ Գուցե այդ թեման քննարկվի Մոսկվա այցի շրջանակներում, սակայն իրականում վերջին ամիսների ընթացքում ԺԴԿ-ն փորձում է համագործակցության եզրեր գտնել ու խորացնել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ։ ԺԴԿ-ն Եվրոպայում բավարար չափով հայտնի է, մինչդեռ, կուսակցության ղեկավարության կարծիքով, նրանք մյուս կարևոր կշիռ ունեցող երկրներում ևս անելիք ունեն։ Որոշ փորձագետներ նշում են, որ Էրդողանը տարվել է իր ամբիցիաներով, ցանկանում է ստեղծել Օսմանյան կայսրություն և խալիֆ դառնալ: Ինչքանո՞վ է սա իրականությանը համապատասխանում: Ոչ ոք այդ հարցին չի կարող պատասխանել այնպիսի լիարժեքությամբ ինչպիսի հարցի ենթատեքստն է պարտադրում։ 13 տարի գտնվելով իշխանության ղեկին՝ շատ հարցերում Էրդողանը կորցրել է իրատեսության զգացումը։ Եթե դրան էլ գումարենք այն հանգամանքը, որ նա նպատակ ունի դեռ երկար մնալ իշխանության ղեկին, ապա շատ ավելի հավանական են դառնում նրա կողմից նոր և ոչ անպայմանորեն ռացիոնալ որոշումների ընդունման հավանականությունը։ Պարոն Տեր-Մաթևոսյան, ինչո՞վ էր պայմանավորված ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումը Թուրքիայի օդուժի կողմից: Դրա մասին շատ է խոսվել, տրվել է քաղաքական և մասնագիտական բազում գնատահականներ։ Անկախ խոցելու իրական դրդապատճառներից՝ Ռուսաստանը այն օգտագործեց որպես հնարավորություն։ Շատ արագ Ռուսաստանն իր դիրքերն ամրապնդեց և հարցականի տակ դրեց Թուրքիայի և նրա աջակիցների թույլ տված քայլի հեռատեսությունը։ Որոշ մասնագետներ կարծում են, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գնալով վատանալու են: Համամի՞տ եք այդ կարծիքի հետ: Դա ակնհայտ է։ Պուտինն անձամբ հաստատեց, որ քաղաքական մակարդակում հարաբերությունների կարգավորման հեռանկար նա մոտ ապագայում չի տեսնում։ Իսկ դա Ռուսաստանին ձեռնտու է, քանի որ պարտավորված չի զգալու քայլերի ու նպատակների մասին տեղեկացնել Թուրքիային և սպասել նրանց կամակոր արձագանքին։ Ռուսաստանի համար ամեն ինչ նպաստավոր է ընթանում, քանի դեռ Թուրքիան չի ընդունի իր կատարած սխալ քայլը։ Թուրքիան շատ ավելի արագ կվերադառնա սիրիական գործընթացի մեջ, եթե ընդունի իր սխալը։ Պուտինի հավաստմամբ սիրիական օդային տարածքն ամբողջությամբ փակ է Թուրքիայի օդուժի համար, հետևաբար, հարց է, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է շուտ լսել թուրքական կողմի ներողությունը։ Ի՞նչ եք կարծում, արդյոք թուրք ինտելեգենցիայի մեծամասնությունը կիսում է Էրդողանի վարած քաղաքականությունը: Թուրքիայում հասկանալիորեն չկա միատարր մտավորականություն։ Էրդողանն ունի մեծաթիվ աջակիցներ, ինչպես նաև քննադատներ։ Լիբերալ ու ձախակողմյան մտավորականությունը Էրդողանի ոխերիմ քննադատներն են, պակաս ազդեցիկ չեն նաև գյուլենական մտավորականությունը։ Մինչդեռ պահպանողական մտավորականները շարունակում եմ անվերապահորեն աջակցել Էրդողանին։ Իննչպիսի՞ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հակամարտությունը տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա: Հայաստանի վրա՞: Հվ․ Կովկասի անվտանգության ճարտարապետությունը բավական խոցելի է ու փխրուն։ Երեք ակնհայտ կոնֆլիկտներ և առնվազն այդքան լատենտ կոնֆլիկտային գոտիներ ունենալու պայմաններում հարավկովկասյան տարածաշրջանը հասկանալիորեն զգայուն է մեր տարածաշրջանից ոչ շատ հեռու տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանության ոլորտում համատեղ հռչակագիր կստորագրեն: Ի՞նչ քաղաքականություն պետք է վարեն ՀՀ իշխանությունները այս պայմաններում: Արդեն 10 տարի է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանին ներգրավել են սեփական աշխարհաքաղաքական եռանկյան մեջ։ Վրաստանը դանդաղ ու սողացող ձևով հայտնվել է երկու թուրքական պետությունների քաղաքական, տնտեսական ու մշակութային ծրագրերի հորձանուտում։ Նախկինում և այսօր ստորագրվել են մի շարք եռակողմ պայմանագրեր, հռչակագրեր, իրականացվել են մի շարք ծրագրեր։ Թուրքիայի և Ադրբեջանի շահերից է բխում կայուն և կանխատեսելի Վրաստան ունենալու գաղափարը, այլապես էներգետիկ անվտանգության և եկամուտների ամբողջ ռազմավարությունը հօդս կցնդեն։ Զրուցեց Ծովինար Կոստանյանը