25.11.2024
Ռուբեն Վարդանյանը կմասնակցի Tax free օպերատորի ստեղծմանը ՌԴ-ում
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում չեն բացառում ՆԱՏՕ-ին «փոխզիջումային անդամակցությունը»

Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն մեկնել է Բրյուսել՝ «Վրաստան-ՆԱՏՕ» հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու համար: Հանձնաժողովը պետք է քննարկի Թբիլիսիի իրականացրած բարեփոխումների ընթացքը և նոր բարեփոխումների նպատակահարմարությունը, գրում է Независимая Газета-ն:


Այցի ընթացքում նաև նախատեսված են հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և նրա տեղակալների հետ: НГ-ն գրում է, որ նախօրեին ԱՄՆ Heritage Foundation ռազմավարական հետազոտական ինստիտուտը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ մասնավոր զրույցներում Վրաստանի պաշտոնատար անձինք չեն բացառում ՆԱՏՕ-ին երկրի «փոխզիջումային անդամակցումը», որը կենթադրի Աբխազիայից և Հարավային Օսիայից «ժամանակավոր հրաժարում»:


Heritage Foundation-ի զեկույցում նշվում է, որ «ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածը, որը ենթադում է հավաքական պաշտպանություն և անվտանգության երաշխիքներ, ժամանակավորապես չի տարածվի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների վրա, մինչև այդ հարցը չլուծվի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների ճանապարհով»:


Զեկույցում հիշեցվում է նաև 1952 թվականի փետրվարին «փոխզիջման» նախադեպի մասին, երբ դաշինք են ընդունվել Հունաստանը և Թուրքիան, որոնք չեն կարգավորել միմյանց նկատմամբ տարածքային պահանջները:


Զեկույցում նշվում է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ուշացումը կապված է տարածքային խնդիրների չկարգավորված լինելու հետ: Դա վախեցնում է Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամների: Նրանք վախենում են, որ ռազմաքաղաքական դաշինքին Վրաստանի միացումը զգալիորեն կմեծացնի Ռուսաստանի հետ ռազմական բախման վտանգները: