Փետրվարի 13-ին Մյունխենում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը, հանդիպմանը զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորեցին վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Էդվարդ Նալբանդյանը և Վիկտորիա Նուլանդը նաև մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ։ Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորիա Նուլանդը քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Հիշեցնենք, որ 2015 թ-ի փետրվարին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը տարածաշրջանային այցի ժամանակ Երևանում և Բաքվում հայտարարեց, թե Հայաստանը պետք է որպես մարդասիրական ժեստ Բաքվին վերադարձնի ադրբեջանցի դիվերսանտներին՝ Շահբազ Գուլիեեւին եւ Դիլհամ Ասկերովին, որոնց Ստեփանակերտում դատապրտել են ազատազրկման: Բայց, ի տարբերություն Բաքվում արած հայտարարության, Երևանում նա ստիպված եղավ հաստատելու, որ ադրբեջանցի երկու դիվերսանտները, ովքեր ԼՂՀ-ում ենթարկվել են երկարաժամկետ ազատազրկման, հանցագործներ են: