ԵԱՀԿ Մինսկի ծմբի համանախագահները ողջունում են այն փաստը, որ հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը: Այս մասին Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Բանակցությունների բաղադրիչ մաս են կազմում նաև փախստականների և տեղահանվածների վերադարձի հարցը, խաղաղապահների տեղակայումը: Այդ ամենը կլինի քննարկման առարկա: ԼՂ ապագա կարգավիճակի հարցը առաջ է քաշվել հենց Ալիևի կողմից և մենք դա ողջունում ենք»,- հայտարարել է Ուորլիքը: Անդրադառնալով նախագահների առաջիկա հանդիպմանը, նա նշել է, որ նման հանդիպումները պետք է շարունակվեն: «Այդ բոլոր բաղադրիչները պետք է քննարկվեն փաթեթով, իսկ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Համանախագահներն արդեն հայտարարել են, որ ներկայիս ստատուս քվոն ժամանակավոր է»,-ասել է Ուորլիքը: Հիշեցնենք, անցած շաբաթ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն տարածքների ազատագրմամբ և որ փոխզիջումը հնարավոր է միայն հետագայում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալու համաձայնության շուրջ միայն: Իսկ դրանից մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ միջներդները փակ դռների ետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի այն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: