Ալիևը փորձում է իր կողմը գրավել ռադիկալ տրամադրված ընտրողներին. Ժարիխին
Երևանը «վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը պայմանավորված է նախընտրական քարոզարշավի մեկնարկով ու մեծ ցանկությամբ՝ իր կողմը գրավել ռադիկալ տրամադրված ընտրողներին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը:
Հիշեցնենք, նախօրիեն Ալիևը հայտարարել էր, որ «Երևանը վերադարձնելը Ադրբեջանի ստրատեգիական նպատակն է, քանի որ Երևանը իրենց պատմական հողն է»: Աղբյուրը նշում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն բավականին կոշտ էր արձագանքել այս հայտարարությանը:
«Երկու երկրների միջև ավելի վատ իրավիճակ լինել ուղղակի չի կարող: Նրանք գտնվում են զինված, չնայած դեռ գրեթե խաղաղ դիմակայության մեջ: Անկասկած, սա նրա նախընտրական արշավի մեկնարկն է: Նա որոշել է նման ծայրահեղ հայտարարությամբ, քանզի նախկինում Ադրբեջանի պաշտոնական անձանց շուրթերից ես նման պահանջներ ես չեմ լսել, չեզոքացնել այն հակառակորդներին, որոնք հանդես են գալու արմատական կարգախոսներով: Ավելի արմատական, թվում է, էլ չի կարող լինել»,- նշել է նա:
Ժարիխինը վստահություն է հայտնել, որ նման իրավիճակը չի բարելավի երկրների միջև հարաբերությունները և չի նպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի զարգացմանը: «Բայց ահա խաղի նման սուր և ռիսկային կանոններ է իր համար ընտրել նախագահ Ալիևը: Իմ կարծիքով՝ նա նման հայտարարություն է արել իր կողմն արմատական տրամադրված քաղաքացիներին գրավելու համար»,- հավելել է նա: