ԼԳԲՏ համայնքի դրոշը Երևանի սրտում. Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ քարոզի՞չ (տեսանյութ)
Այսօր աշխարհում նշվում է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի պայքարի միջազգային օրը: Փինկ Արմենիա կազմակերպությունից տեղեկանում ենք, որ ավելի քան 100 երկրների հետ Հայաստանը ևս մասնակցում է արշավին՝ իրականացնելով մեկ շաբաթյա մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց խնդիրները։ Ի դեպ, նշվում է, որ Հայաստանը արշավին միացել է 2010թ-ից։Իսկ այսօր առավոտվանից ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածքում ծածանվում է ԼԳԲՏ հանրության դրոշը, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել հանրության շրջանում: Մասնավորապես, «Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամները, որ բողոքի ակցիա են անցկացրել դեսպանատանա դիմաց, համարում են, որ դրոշի բարձրացնելը քարոզչություն է, որն իրավունք չունի իրականացնել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունը: «Ներկայացուցչությունը, իհարկե, իր տարածքում կարող է իրականացնել որոշակի գործողություններ, բարձրացնել դրոշներ, սակայն այն կազմակերպությունների դրոշը, որտեղ նա պաշտոնապես ներկայացված է՝ ԵՄ, ՄԱԿ-ի և այլն»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, «Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամ Ծովինար Կոստանյանը՝ ավելացնելով, որ այս ամենը, հավելեց նա, կարգավորվում է դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայով:
Ակցիայի մասնակիցները հատուկ շեշտեցին, որ իրենք դեմ չեն ԼՂԲՏ անձանց և ամենևին էլ կողմնակից չեն նրանց իրավունքների խախտմանը, ուղղակի դեմ են, որ այլ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը խախտի Վիեննայի կոնվենցիան և իրականացնի բացահայտ քարոզչություն հյուրընկալ երկրի տարածքում:
Ի դեպ, նրանք ցանկություն են հայտնել հանդիպել դեսպանատան ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, սակայն պահակակետից փոխանցել են, որ շենքում մարդ չկա և իրենց ընդունել չեն կարող: Մեր զրուցակիցները փոխանցեցին նաև, որ շարժումը պատրաստվում է դիմել ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի գերատեսչությունը կատարվածի վերաբերյալ բողոքի նոտա հղի Մեծ Բրիտանիային:Նշենք նաև, որ այսօր Բելառուսում ՄԲ դեսպանատանը ևս ԼԳԲՏ հանրության դրոշն է բարձրացվել: