Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը, գրում է rusarminfo.ru-ն: Ֆրանսիացի դիվանագետն ընդգծել է, որ նախագահի այցը կլինի Հայաստանում ֆրանսիական բիզնեսը և ներդրումները զարգացնելու կոնտեքստով` հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները եվրոպական, եվրասիական և իրանական շուկաներում: Լաքոթը նաև հավելել է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ հետ Հայաստանի ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը խթան կլինի հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման համար: Ֆրանսիայի նախագահի այցը, ինչպես հայտնեցին VERELQ-ին Երեւանում Ֆրանսիայի դեսպանատնից, ակնկալվում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում, որը նախատեսված է անցկացնել Երևանում, 2018-ի հոկտեմբերի 11-12-ին։ 2017-ի նոյեմբերի 26-ին Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովում որոշում էր կայացվել, որ Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։