Իրաքյան Քրդստանի արտաքին գործերի նախարար Ֆալահ Մուստաֆա Բաքիրը հայտարարել է, որ, անցկացնելով անկախության հանրաքվե, Քրդստանը երբեք չի ցանկացել պատերազմել Իրաքի հետ։ Այդ մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է բրիտանական Reuters գործակալությունը: Քրդստանի ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է, որ իրենք ձգտում են հարցը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Նշենք, որ ավելի վաղ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են բանակցությունների գնալ Բաղդադի հետ՝ առանց նախապայմանների: Իրաքի կենտրոնական իշխանություններն իրենց հերթին նշել էին, որ կբանակցեն քրդերի հետ միմիայն անկախության հանրաքվեի արդյունքները չեղարկելու դեպքում: