10.09.2025
Վիզաների ազատականացումը կլինի, գործընթացը շարունակվում է. Քոչարյան
22.03.2018
Վիզաների ազատականացումը կլինի, գործընթացը շարունակվում է. Քոչարյան

ՀՀ-ԵՄ հարաբերություններում գնալով ավելի դյուրին է դառնում վիզաների ռեժիմը: Սրանով է պայմանավորված, որ պարբերաբար, կառավարության որոշմամբ, ցուցակներում տեղի են ունենում փոփոխություններ՝ պարզեցվում է վիզաների ազատականացման հարցը դեպի այն երկրներ, որ մինչ այդ բարդեցված համակարգ ունեին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:Անդրադառնալով Ազգային Ժողովի կողմից ԵՄ-ՀՀ համաձայնագրի վավերացմանը և, մասնավորապես, վիզայի ազատականացման գործընթացին, փոխարտգործնախարարը նշեց, որ վավերացումից հետո դեռ պետք է ծանուցեն, որից հետո կա հնարավորություն, որ այդ համաձայնագրի որոշակի հատվածներ կսկսեն գործել: Ընթացակարգերն ավարտելուց հետո ԵՄ-ն կծանուցի, ու դրանից հետո միայն հաստատուն և առանձին դրույթներ կսկսեն գործել: Բայց մինչ այդ բոլոր ընթացակարգերի ավարտը ժամանակավոր կիրարկումն ինքնին ավելի դյուրին կդարձնի այն բանակցությունները, որոնք վարվում են վիզաների ազատականացման հարցում.«Ժամկետները դեռ հնարավոր չէ նշել, քանի որ այդ ամենը տարբեր հանգամանքներից է կախված»,- ասաց նա:Վիզաների դյուրականացման գործընթացումն, ըստ Քոչարյանի, անընդհատ գործընթաց է, որի շրջանակում աշխատում են առանձին պետությունների հետ: Բայց պետք է հաշվի առնել նաև այն, որ բարդությունները պայմանավորված են այն իրավիճակով, որը ձևավորվել է Եվրոպայում միգրանտների հոսքերի հետ կապված, որի ֆոնին եվրոպական պետությունները շատ ավելի զգուշավոր են վերաբերվում նմանատիպ հարցերին.«Բայց մենք դա խոչընդոտ չենք համարում և բանակցությունները շարունակում ենք»,- հավաստիացրեց պաշտոնյան:Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունները ազդեցություն ունենան այս գործընթացի վրա Շավարշ Քոչարյանը նշեց, որ հավանականություն չի տեսնում, քանի որ նույն Եվրոպական Միությունը շատ է կարևորում այն հանգամանքը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ առաջին պետությունն է, որն այդպիսի խոր համագործակցության է գնում ԵՄ-ի հետ՝ պահպանելով իր պարտավորությունները ինտեգրացիոն միավորումներով: Ի դեպ, ԵԱՏՄ որոշ անդամ պետություններ ևս ուսումնասիրում են ՀՀ այս փորձը»,- ասաց նա` չհարաժրվելով կոնկրետ անուններ հնչեցնել: