11.09.2025
Փաշինյանը, Միրզոյանը, Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից․ ոստիկանություն
22.04.2018
Փաշինյանը, Միրզոյանը, Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից․ ոստիկանություն

Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը: Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։ Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության և հարկադրանքի միջոցներ կիրառելուց: Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ոստիկանական ուժերը մեկուսացրել են։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել էր պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Ինձ, Նիկոլին, Սասունին ու լիքը մարդու ապօրինաբար ու բռնի ուժով բռնել են», - գրառում է արել նա: Հիշեցնենք, պատգամավորներին ոստիկանական ուժերը, ուժ կիրառելով ու հատուկ միջոցներ կիրառելով, հարկադրաբար հեռացրեցին հավաքի վայրից, երբ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթը հասավ Արցախ փողոցի սկզբնամաս: Հիշեցնենք նաև Հայաստանի Սահմանադրություն 96-րդ հոդվածը. 2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը: